Որոշ եկեղեցականներ հետաքրքրությամբ հետևում էին ծրագրին: Հաղորդումներից մի քանիսը սիպտակ շունն ուղարկում էր Երազստանի եկեղեցիներին` հուսալով հեշտացնել կաթողիկոսների հոգեփոխությունը: Դրական արձագանք ստացավ անսպասելի տեղից` ավետարանական մի քանի հովիվներից, որոնք խնդրեցին մնացյալ հաղորդումներն էլ ուղարկել: Իսկ կաթողիկոսի եկեղեցին իր տարեկան համագումարում քննարկել էր շան տեսաերիզներից մեկի բովանդակությունը և սիպտակ շանը չէր քննադատել:
Կաթողիկոսների գործունեությունը ցույց էր տալիս, սակայն, որ անդրդվելի ստրկամիտներ և փառասերներ են:
Կաթողիկոսի օգնականը խորհուրդ տվեց շանը.
- Տղերք, դուք ձեր առողջությանը կվնասեք: Իզուր եք պայքարում:
Մի կաթողիկե մաքրահոգի կրոնական շանն ասաց.
- Կաղ մարդու ոտքերը հավասարեցնելու համար, ուշադիր եղեք, որ երկար ոտքը շատ չխածնեք: Այլապես դարձյալ կաղ կմնա:
- Մարդը կաղ չէ. անդամալույծ է:
- Դրախտի մեջ եհովաջիները շա՞տ են:
- Ըստ Աստծո` 20.000, ըստ իրենց` 144.000: Ամբողջ գյուղեր Եհովա կպաշտեն: Դրախտը արժան (էժան) շուկա է:
- Եթե հոն հասեր են, ուրեմն ուշ է. քաղցկեղի առաջքը չես կրնար առնել:
- Այս քաղցկեղը միայն տգետներուն կուտե: Երկու հազար տարիէ ի վեր կուտե կոր: Ասոնց նմաններն էին, որ քանդեցին մարդկության հազարամյակներու ձեռքբերումները: Գիտնական դեռ չնշանակեր գիտուն:
- Ո՞ւր է Աստված:
- Լաս Վեգաս:
- Ատի ճիշտ ըսիր:
- Խյար, խյար բացատրություններ տալու մեջ դոկտորա ունի:
- Սուրբ Երրորդության պես:
Առաջին անգամ իր կյանքում շունը բարեհամբույր վերաբերմունք զգաց, հաճույքով զրուցեց վարդապետի հետ, որը կիսվեց.
- Մեր վրան ալ պաղություն մը եկավ: Մարդիկ առաջվա պես խանդավառ չեն Դրախտին օգնելու համար: Մեր ամբողջ կյանքը հոս պայքարինք, որ Դրախտը անկախ ըլլա, հետո ալ մեզի ըսեն, որ ձեզի թուղթ (անձնագիր) չենք տար: Մեկ բան, որ չէինք գիտեր, ան է, որ ասոնք յաբանջի (օտար) կհաշվեն կոր մեզի:
- Սխալ բան մը կա ձեր կրոնի և ռազմավարության մեջ,- շունն ասաց վարդապետին: Այլապես, այսպիսի ապուշներ չէին կրնար աշխարհը կլլել: Աշխարհը Եհովայի ոտքի տակ է:
- Ի՞նչն է մեր սխալը, շուն:
- Ձեր հիմքը, վարդապետ:
- Ի՞նչպես:
- Սկսինք Պետրոսեդ, այն ժայռեդ, որու վրա եկեղեցիդ իբր թե հիմնված է:
- Աստծո հրահանգն է:
- արարիչը չի հրահանգեր, վարդապետ: Եթե հրահանգ է, Սատանայեն է:
- Հիմա դուն բոլոր մարգարեները Սատանայի վերածեցիր:
- Ոչ միայն:
- Միածի՞նը:
- Դուն ըսիր:
- Պետրոսի կերպարը ստեղծողը Հուդան է,- շարունակեց շունը:- Ճշմարտությունը նենգափոխելը Հուդայի մասնագիտությունն էր: Իր ինքնակենսագրությունը Հուդան այս սկզբունքով գրեց: Արմատը սուտ:
- Չի կրնար ըլլալ:
- Պատմականորեն հաստատված բան է: Հարյուրավոր լուրջ ուսումնասիրություններ կան այս մասին: Գնա կարդա:
- Հակառակը ըսողներն ալ կան:
- Հակառակը ըսողները գիտությունը կրոնական նպատակներով շողոքորթող պրոպագանդիստներ են: Խնձորը նետես նե, վեր կիյնա ըսող ցնորվածներու հավաքածո:
- Ատ տիպերը կճանչնամ:
- Ամեն պարագայի Բասսասարի վեպին մեջ Պետրոսը թլփատվածներու առաքյալն է: Կնատյաց, օտարատյաց, Պողոսի թունդ հակառակորդ: Պողոսն էր հիմքը ձեր կրոնի: Իսկ Գործք Շնաց, կներես Գործք Առաքելոց պիտի ըսեի, բերանս սխալ վարժվեր է…
- Ատի գրքիդ անունը չէ՞:
- Անանկ բան մը: Պիտի ըսեի, որ Առաքելոցի մեջ Դամասկոսի ճամբուն վրա Պողոսի հանդիպումը Հիսուսի կերպարանքին հետ հարյուր, հարյուր-հիսուն տարի հետո գրված պատմություն է: Առնվազն մինչև 145 թվականդ եկեղեցվո հայրերդ ավետարաններու գոյության մասին նույնիսկ չէին լսած: Ատի դուն շատ լավ գիտես: Պողոսը ավելի մոտ էր Եգիպտոսի գնոստիկներուն, հնարավոր է նույնիսկ, որ աշակերտած է անոնց: Իսկ Պողոսի մեջ ծնած լույսը գնոստիկյան արթնություն է:
- Ինծի համար ապրիլը Քրիստոս է, ըսավ Պողոս:
- Այդ Քրիստոսը ձեր Մհերն է և ոչ թե հարյուր տարի հետո Բաս պապայի կողմե այս հիմքի վրա շինված կեղծ Քրիստոսը: Խաչյալ-մաչյալ, Պիղատոս-միղատոս, Մարիամ-մուրիամ բոլորը սուտ է:
- Ապացույց:
- Բանանք գիրքը, տես` Գաղատացիս 1:15: Հոս Պողոսը իր բերանով կըսե, որ ինք երբեք Երուսաղեմի մեջ չէ եղած իր առաքելությունը սկսելեն մինչև երեք տարի: Հապա անմիջապես գացած է Արաբիա ու այնտեղեն ուղղակի Դամասկոս: Երուսաղեմի հետ որևէ կապ չէ ունեցած: Ասի լրիվ հակառակն է Գործք Առաքելոցի պատմության, ուր իբր թե Երուսաղեմեն Դամասկոս կերթար ու հոն հոգեփոխություն ունեցավ: Դուն կհավատաս մարդուն գրած նամակի՞ն, թե իր մասին մեկ դար հետո մեկու մը հորինած վեպին:
- Նայած ով է գրողը: Հեղինակները Սուրբ Հոգիեն ներշնչվեցան:
- Այդ Սուրբ Հոգիդ Հուդան է, Բաս պապայի հետ միասին: Պետրոսդ Հռոմ նույնիսկ ոտք չէ դրած: Սուտ է Պետրոսի կապը Հիսուսի հետ: Հեքիաթ է գլխիվայր խաչվելու պատմությունը: Ըստ երևույթին Պետրոսդ գոյություն անգամ չէ ունեցած: Այդ վեպերը գրողներուն նպատակը գնոստիկ Պողոսին նսեմացնելն էր և անոր ենթարկել Պետրոսի անվան տակ գործող Հուդայական կնատյաց մաֆիային: Քրիստոնեության հիմնադիր Պողոսին լուսանցք նետել և իշխանական բուրգ հաստատել: Բուրգ` գլխուն Հուդան: Ասի է Պետրոսի կերպարը ստեղծողին նպատակը: Պողոսը դեմ էր բուրգերու: Ատի չէ՞ իրական քրիստոնեությունը: Գործք Առաքելոց գիրքդ սուտի հրվանդան է` Սատանայի գրականություն: Սուտն է հիմքը Բաս պապային: Ճշմարիտ է Գործք Շնացը:
- Համը հանեցիր, շուն: Դուն քիչ մը Մարկիոնին և Պավլիկյաններուն կհիշեցընես կոր:
- Ոչ, վարդապետ: Եկուր հիմա մեկ կողմ դնենք Պողոսը: Օր մը իրեն կբուժենք: Լավ բան մը ըսինք նե մարդուն մասին դեռ շուն չեղավ: Հելե քու աս ավանթաջի Պետրոսիդ հաշիվը մաքրենք:
- Հիմա դուն դոկտորությո՞ւն պիտի ընես: Չէ նե Հիսուսի՞ն ալ մը պիտի բուժես:
- Մեղք են մարդերը, վարդապետ: Սատանաներու գրածները Աստծո խոսք ըսելով կյանքերնին կքանդեք կոր: Ասոնց գրածները շատ-շատ հոգեբուժություն սորվող ուսանողներու համար ուսումնասիրելու նյութ կըլլան:
- Բաս պապան ի՞նչ շահ ուներ սուտ խոսելով:
- Հո՜, վարդապետ…
- Ի՞նչ շահ ուներ: Մոտիվը ըսե:
- Ըսեմ:
- Ըսե:
- Ալեքսանդրիան աշխարհի գիտության կետրոնն էր: Հռոմը, որպեսզի թաղե եգիպտական արմատները, քրիստոնեության հիմքը ոչնչացուց և կեղծ հիմք ստեղծեց: Եգիպտոսի գնոստիկներուն ցեղասպանեց, աշխարհի մեծագույն գրադարանը վառեց: Կես միլիոն գիրք: Մարդկության հազարամյակներու գիտությունը ոչնչացուց, որպեսզի իր զիբիլը պրոպագանդե: Այն ատեն, ո՞վ գիրք ուներ: Գրադարանը վառեցիր նե, վերջացավ գնաց:
- Իսկ Եգիպտոսեն դուրս միակ բռնելիք տեղը Հուդան էր,- շարունակեց շունը:- Այդ հիմքի վրա ալ իր պատմությունը շարադրեց: Բաս պապադ ամուսնացավ Հուդայի հետ: Ինչո՞ւ: Կրոնական կայսրություն ստեղծելու համար: Երկուքն ալ նույն քաքն էին, իրար գտան: Հիմա Հուդան իրավունք չունի՞ ըսելու` դիվորս կուզեմ և հարստությանդ կեսը` տասնհինգ տաղանդ: Ատանկ ալ կընե կոր:
- Հոս կրնաս թյուրիմացություններու մեջ իյնալ:
- Կրնա ըլլալ: Պատմական խնդիր է: Բայց էության հետ կապ ունի, քանի որ եգիպտական գնոստիկ քրիստոնեությունն ու սուտ հուդա-քրիստոնեությունը բոլորովին հակոտնյա կրոններ են:
- Ասոնք վիճելի հարցեր են: Հիմա բառ մը ըսիր: Էություն: Խոսինք էության մասին: Կարևորը ատի է:
- Անիմաստ է խոսիլը, վարդապետ: Էությունը չես կրնար հասկնալ մինչև սուտը չպարզես: Իսկ մեր ամբողջ իմացածը սուտ է: Սուտի մեջ կծնինք, սուտի մեջ կմեռնինք: Ամբողջ աշխարհը սուտի վրա հիմնված է: Իրական սխալը, վարդապետ, ճշմարտութենեն խուսափիլն է: Ո՞րն է կարևորը. հո՞ւյսը կամ ճշմարտությունը:
- Ճշմարտությունը:
- Ճշմարտությունը:
- Ճշմարտությունը բացարձակ է:
- Հա՛ֆ, հա՛ֆ… Բացարձակը Սատանադ է:
- Լավ, չշեղվինք:
- Գիտեք, որ ձեր գիրքը միլիոն սուտի բույն է, մեջը Հուդայի մատը կա: Բայց բան մը չեք ըներ, որ այդ մատը կացինով կտրեք: Ատոր համար թելեվիզիոնով պատռեցինք: Երկու գրամ խելք ունեցողը քեզի՛ ալ, քու կրոնի՛դ ալ, կըսե, արաբան (կառքը) կքաշե, կերթա. քններ եմ քեզի ալ, քու Հուդայիդ ալ: Ի՞նչ եղավ: Մարդը կորսնցուցիր, էշը շահեցար: Էշերու հավաքածուդ կը կազմե քու կրոնդ: Հակաշունը: Իսկ մարդը դուրսը մնաց գազան: Ա՞ս է կրոնին նպատակը, վարդապետ…
- Ոչ, շուն: Ատի կրոնին նպատակը չէ:
- Բայց կրոնականներուն նպատակըն է. գառնուկ կուզեն պահել, որ կաթը խմեն: Վատիկանի շենքերը շինեն: Իշխանություն: Կայսրություն: Աս է ձեր նպատակը:
- Իսկ կարծիքովդ եկեղեցին ի՞նչ պետք է ընե, շուն:
- Եթե չբացատրես մարդերուն, որ իրենց պատմության մեծագույն խարդախությունները ձեր գրքին մեջ եղած են, պատերազմը կկորսնցընես: Աս բապտիստ-մապտիստ ըսած ապուշներդ ամեն ծակ կմտնեն, քարոզելով, իբր արարիչը բառ առ բառ ինչ կըսե` ոռը քաքոտ Հուդայի հնարանքները արարչի բերանը դնելով: 40 միլիոն մեռնելու պատրաստ մոլեռանդ ստախոս: Աչքերուդ առջև Բաս պապադ կմեռնի:
- Անոնք խաբված են, շուն: Ստախոս չեն: Խաբված մարդը կրնա՞ ստախոս ըլլալ:
- Եթե իր սուտը կպատգամե, բոլորին սուտ հռչակելով: Կպահանջե, որ մարդիկ բառ առ բառ հետևին իր Սուտաշունչին: Այն ատեն խաբվածը կըլլա ստաբեր, ստախոս:
- Ատի 40 միլիոնին միայն 40 հազարն է: Եկեղեցին երբեք չըսեր, որ բառ առ բառ պետք է ընդունիլ Աստվածաշունչը:
- Ատի դո՛ւն չես ըսեր, վարդապետ: Անգամ մը գնա Դժոխքը ծայրե ծայր պտըտիր, տե՛ս ինչ կըլլա կոր:
Հատված Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան գրքից:
Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից: